Վահրամաբերդ ամրոցը գտնվում է Շիրակի մարզում՝ Ախուրյան գետի ձախափնյա կիրճում, Մարմաշենի վանական համալիրից հարավ։ Այն գտնվում է Ախուրյանի կիրճի հրվանդանի վրա և ներկայացվում որպես X դարում Վահրամ Պահլավունու կառուցած «կայազորային տիպի» ամրոց։
Ամրոցը կրում է իշխան Վահրամ Պահլավունու անունը։ Վահրամաբերդը տեղադրված է նեղ, երկայնական ձգված դարավանդի վրա, իսկ նրա պարիսպները եզերում են դարավանդի զառիթափ կողմերը։ Այսպիսով բնական կտրուկ լանջերն այստեղ ինքնին պաշտպանական համակարգի մաս են դարձել։
Երկայնական ուղղությամբ ձգվող կենտրոնական միջանցքի աջ և ձախ կողմերում բացվել են առանձին սենյակներ։ Այս կառուցվածքը փույլ է տալիս ենթադրել, որ դրանք ծառայել են որպես զորանոցներ։
Խաղաղ ժամանակ կայազորը բնակվել է հարևան բնակավայրում, իսկ բերդում, որտեղ պետք է պահպանվեին զենքի և պարենի պաշարները, պահակետային ծառայություն է իրականացվել: Այդ մասին են վկայում նաև Վահրամաբերդի պեղված սենյակներից հայտնաբերված մեծ և միջին չափի կարասների մնացորդները, որոնք պահվում են Շիրակի երկրագիտական թանգարանում։
Վահրամաբերդի պեղումները կատարել է հնագետ Սերգեյ Հարությունյանը։ Վահրամաբերդի ժայռերից մեկին է փորագրված նաև Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը։ Այն վերաբերում է վերաբերում է Էրիախի երկրի նվաճմանը և Իրդանուինի ու Իշգիդուլու քաղաքների գրավմանը։
Վահրամաբերդից քիչ հեռու գտնվում է մեկ այլ ամրոց՝ Տիրաշենը, որը նույնպես պատկանել է Վահրամ Պահլավունուն և կազմել է Անիի պաշտպանական համակարգի մի մասը։
Այն շրջապատված է բերդապարիսպներով, որոնք շարված են անմշակ մեծ որձաքարերով` առանց շաղախի:
Ամրոցի մոտ պահպանվել է «Տիրաշեն» գյուղատեղին (IV-XI դդ.)` իր խաչաձև եկեղեցու մնացորդներով, քառակող կոթողով և գերեզմանոցով (IV-XI դդ.):