Մշկավանքը կամ մշակավանքը գտնվում է Տավուշի մարզում՝ Կողբ գյուղից մոտ 3–4 կմ հարավ-արևմուտք, անտառապատ բարձրադիր սարավանդի վրա։ «Մշակավանք» անունը վերցրվել է տաճարի հարավային սյան արձանագրությունից, մինչդեռ վանքը նաև կոչվել է «Կողբայ վանք»։
Համալիրի կառուցման ճշգրիտ թվականը հայտնի չէ։
Համալիրից մինչ այժմ կանգուն մնացած Սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրում է XII դարով, իսկ ամբողջ վանական համալիրը՝ XII–XIII դարերով։ Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավ, թաղածածկ դահլիճ է։ Կիսաշրջանաձև ավագ խորանի երկու կողմերում կառուցված են նեղ, երկհարկ ավանդատներ, իսկ երկար ճակատներին բացված են շրջանաձև լուսամուտներ։ Խորանի պատուհանի վերևում քանդակված է ոճավորված խաչ, որի վերին թևի վրա պատկերված է ցուլի գլուխ։ Արևելյան կիսասյան վրա կա մի անսովոր պատկերաքանդակ՝ ձիավոր տղամարդ՝ բարձրացրած տեգով, նրա կողքին բաժակ մեկնող տղամարդ և դիմացը՝ հաց բերող կին։
Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը Մշկավանքի ճարտարապետական ամենահետաքրքիր հատվածներից է։ Նրա կենտրոնական քառակուսի մասը ծածկված է փոխհատվող զույգ կամարներով՝ առանց կենտրոնական սյուների։
Գավթի շքամուտքն ունի հեռանկարային կառուցվածք և եզերված է տարբեր գույնի ձևավոր քարերով։ Նման խաչվող կամարային համակարգեր կիրառվել են նաև Հաղպատի և Գանձասարի գավիթներում։
Մշկավանքի խաչքարերից մեկը նաև արվեստաբանական հատուկ ուսումնասիրության նյութ է դարձել։ Զարուհի Հակոբյանը XIII դարի Մշկավանքի խաչքարի վրա խաչի երկու կողմերում պատկերված մարդկային դեմքերը մեկնաբանում է որպես Արեգակի և Լուսնի այլաբանական պատկերներ և այն համարում այս պատկերագրության լավագույն հայկական օրինակներից մեկը։
Վանական տարածքը չի սահմանափակվում եկեղեցիով և գավթով։ Պետական հուշարձանացանկում վանքից մոտ 500 մ հարավ-արևելք նշված է XII–XVI դարերի գերեզմանոց՝ XII–XV դարերի մի շարք խաչքարերով, իսկ հիմնական համալիրից 300–400 մ հյուսիս՝ XII–XIII դարերի կիսավեր մատուռ-դամբարան։
Վանքը XIII դարում եղել է նաև գրչության վայր։ 1281 թվականի ձեռագրի հիշատակարանում գրիչ Բարսեղը հայտնում է, որ Եսայու մեկնությունը ավարտել է «հրաշազարդ Մշակավանքում»։
Մշկավանքի ներկայիս տեսքը մասամբ XX դարի վերականգնման արդյունք է։ Ճարտարապետ Յուրի Թամանյանի գիտական հոդվածի համաձայն՝ հուշարձանի ուսումնասիրությունը սկսվել է 1954 թվականին։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 1960 թվականին։