Խորանաշատի վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Չինարի գյուղի մոտ: Վանքն հիմնադրվել է 13-րդ դարում, Մխիթար Գոշի աշակերտ Վանական Վարդապետի (1181-1251) կողմից։ Վարկածներից մեկի համաձայն՝ եկեղեցին իր անունը ստացել է խորանի բազմախորշ լինելու պատճառով։ Սակայն նմանատիպ եկեղեցիներ են նաև Մարմաշենը և Մակարավանքը, որոնց անունն այդ առանձնահակությամբ պայմանավորված չէ։ Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ եկեղեցին իր անունն ստացել է տարածքում եղած բազում եկեղեցիներից։
Խորանաշատի վանական համալիրը բաղկացած է Ս․ Աստվածածին, Ս․ Կիրակի և Ս․ Ճգնավոր եկեղեցիներից, գավիթից, և հարակից այլ շինություններից, որոնցից միայն ավերակներն են պահպանվել։
Գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին արտաքինից մոտ 12.7 × 11 մ ուղղանկյուն, ներսում խաչաձև, գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներով։ Եկեղեցու հիմնադրման ստույգ տարին արձանագրությամբ չի պահպանվել։ Փոխարենը պատերին կան 1211-1220 թվականների վիմագրեր։ Եկեղեցու քարերն ունեցել են տարբեր բնական երանգավորումներ։
Եկեղեցին հատկապես հետաքրքիր է արևելքից։ Կենտրոնական մասում ագուցված են 4 զույգ կեռխառ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 4 T-աձև քարերից։ Ճարտարապետական տեսանկյունից կեռխաչերի շարվածքը նորույթ է, որը կրկնվում է Շխմուրադի վանքում ևս։
Գլխավոր եկեղեցուն արևմուտքից կցված է մեծ գավիթը։ Դրա կառուցումը արդեն սկսված էր 1222 թվականին։ Այդ մասին վկայում է հարավարևելյան ավանդատան արձանագրությունը, որտեղ Սաիղոմոն անունով միաբանն ասում է, որ ինքն է տվել այդ խորանի կառուցման ծախսը։ Գավիթը մոտ 16.8 × 16 մ կենտրոնակազմ քառասյուն կառույց է՝ երկու կրկնահարկ ավանդատներով։ Հատկապես հետաքրքիր է ծածկի համակարգը։ Այն պատկանում է խաչվող կամարներով մշակված միջնադարյան գավիթների շարքին։
Սուրբ Աստվածածին եկեղեցուց 4 մ հեռավորության վրա գտնվում է Սուրբ Կիրակի եկեղեցին, որի կառուցման վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել։
Խորանաշատի արժեքը միայն ճարտարապետությամբ չի սահմանափակվում։ Այստեղ 1210-ականներից գործել է նաև վարդապետարան։ Դպրոցն առանձնապես կարևոր էր պատմագիտության համար։ Արդեն 1223 թվականին Ստեփանոս Աղթամարցին այստեղ ընդօրինակել է առաջին ժողովածուն։