Տավուշի բերդ

Տավուշի բերդ

Տավուշի բերդը գտնվում է Բերդ քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Տավուշ գետի արևելյան ափին բարձրացող ժայռաբլրի վրա։ Ամրոցը կազմված է եղել վերին միջնաբերդից և ավելի ընդարձակ ստորին բերդից։ Միջնաբերդը զբաղեցնում է մոտ 500 քմ տարածք․ հյուսիսային՝ առավել հասանելի կողմը պաշտպանված է եղել հաստ պարիսպներով ու կիսաշրջանաձև աշտարակներով, իսկ հարավում պաշտպանության դեր է կատարել գրեթե ուղղաձիգ հիմնաժայռը։

Բերդի կառուցման թվականը հաստատող արձանագրություն հայտնի չէ։ Ենթադրաբար այն կառուցել է Սմբատ Ա Բագրատունին՝ IX դարի վերջից X դարի առաջին տասնամյակի միջև։

Բերդի պատմության հետաքրքիր դրվագներից է Ցլիկ Ամրամի ապստամբությունը։ Հովհաննես Դրասխանակերտցին պատմում է, որ Ուտիի կառավարիչ Ամրամը 921 թվականին Աշոտ Բ Երկաթի դեմ ապստամբելիս Տավուշի ամրոցում ապահովել է իր ընտանիքը։ Աշոտ Երկաթը պաշարել է բերդը, սակայն մարտերում արքունի զորքը պարտություն է կրել և ստիպված նահանջել։ Հենց այս իրադարձության պատճառով ամրոցը ժողովրդի շրջանում հետագայում հայտնի է դարձել նաև «Ցլիկ Ամրամի բերդ» անունով։

Ստորին բերդի առավել հետաքրքիր կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ 1988 թվականի պեղումների ժամանակ հայտնաբերված հնգատող արձանագրությունից պարզվել է, որ այն կառուցվել է 1019 թվականին, ավերվել 1138 թվականի Գանձակի ուժեղ երկրաշարժից և արդեն հաջորդ տարի վերականգնվել Կյուրիկյան Աբասի կողմից։ Եկեղեցին փոքր միանավ սրահ է՝ հարավարևելյան ավանդատնով, իսկ հյուսիսից ավելի ուշ դրան կցվել է գավիթ։

Բերդը տարբեր ժամանակներում անցել է Բագրատունիներից Բյուզանդիային, ապա Կյուրիկյաններին, սելջուկներին և Վահրամյաններին։ 1236 թվականին այն վերջին անգամ պաշարվել է մոնղոլական զորքի կողմից։

Ամրոցի անկումից հետո պահպանվել է ևս մեկ ուշագրավ պատմություն։ Մոնղոլները Տավուշից տարել էին այնտեղ պահվող հին Ավետարանը և վաճառքի հանել։ 1238 թվականին Ավագ երեց Սարգիսը, քահանաները և տեղի հավատացյալները մեծ գումարով այն ետ են գնել և հանձնել Վանական Վարդապետին։

2020–2022 թվականների հնագիտական աշխատանքների ընթացքում միջնաբերդում հայտնաբերվել են ջրամբար և կավե ջրատար խողովակների հատվածներ։


Քարտեզ