Լոռվա բերդը գտնվում է Լոռու մարզում՝ Ձորագետի և Միսխանա գետի կիրճերի միջև բարձրացող հարթության վրա։ Այն ծովի մակարդակից 1490 մետր բարձր է։ Խոր կիրճերը դժվարացրել են բերդին մոտենալը, իսկ առավել հասանելի հյուսիսարևմտյան հատվածը պաշտպանվել է հզոր պարսպով։
Բերդաքաղաքը հիմնադրել է Կյուրիկյան թագավոր Դավիթ Անհողինը՝ 1005–1020 թվականներին։ Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 35 հեկտար, իսկ միջնաբերդը զբաղեցրել է 8.5 հեկտար տարածություն։ Հյուսիսարևմտյան կողմի պարիսպն ունեցել է 214 մետր երկարություն։ Դրա երկայնքով կառուցված էին կլոր և քառանկյուն աշտարակներ, իսկ բերդ մտնելու միակ ճանապարհը բացվում էր պարսպի հյուսիսարևմտյան անկյունից։
Լոռին միայն պաշտպանական կառույց չէր։ Կյուրիկյանների, իսկ հետագայում Զաքարյանների իշխանության տարիներին այստեղ կառուցվել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, կամուրջներ և խաչքարեր։ Միջնաբերդից դեպի Միսխանա գետ իջնող ստորգետնյա ճանապարհն ավարտվում էր աշտարակ հիշեցնող կառույցով։ Պաշարման դեպքում այդ անցումով հնարավոր էր ջուր բերել և կապ հաստատել բերդի սահմաններից դուրս գտնվող մարդկանց հետ։
Պեղումները ցույց են տվել, որ Լոռին ունեցել է նաև քաղաքային զարգացած կենցաղ։ Միջնաբերդում բացվել են երկու բաղնիքներ։ Դրանց հատակների տակ կառուցված էր հիպոկաուստ կոչվող ջեռուցման համակարգ։ Հնոցից եկող տաք օդն անցնում էր քարե սյունիկների միջև և տաքացնում սրահները։ Կավե խողովակներով ջուր էր մատակարարվում ջրավազաններին։
Բերդի հարևանությամբ տարածվում է մոտ 100 հեկտար մակերես ունեցող դամբարանադաշտ։ Տարածքում բացվել է մոտ 117 դամբարան։ Այստեղ հուղարկավորվել են համայնքի ղեկավարներ, զինվորականներ, հոգևորականներ և այլ բնակիչներ։ Դամբարաններից գտնվել են զենքեր, զարդեր, խեցեղեն և կենդանիներ պատկերող բրոնզե առարկաներ։
2022 թվականի պեղումների ժամանակ ուսումնասիրվել են պարսպի ներքին կողմի 60 մետրանոց հատվածը, երկու բաղնիքները, եկեղեցին և մատուռ-դամբարանը։ Գտածոների թվում են զարդարված շքաղյուսներ, թռչունների ու բույսերի պատկերներով թասեր, մետաղադրամներ, կավե ծորակներ, խաղաքարեր, նետասլաքներ, ապակե սրվակների բեկորներ, փղի փոքր կավե արձանիկ և մետաղական սրբապատկեր։