Հնեվանք

Հնեվանք

Հնեվանքը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք՝ Ձորագետի աջ ափի կիրճում։

Այն բաղկացած է եղել երեք եկեղեցուց, գավթից, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններից։ Հնեվանքի մենաստանի անունը երբեմն բացատրվում է որպես հունաց վանք։ Սակայն վանքի վրացերեն արձանագրություններից ենթադրվում է, որ Հնեվանքը նրա պաշտոնական անունը չէ։ Այդ անունով վանքը կոչվել է երկար ժամանակ լքված և ամայացած լինելու պատճառով։

Համալիրի ամենահին կառույցը VII դարի գլխավոր եկեղեցին է։ Այն դրսից ուղղանկյուն է, ունի երեք խորան։ Ավագ խորանի երկու կողմերում կառուցված են ավանդատներ։ Եկեղեցու գմբեթը հենվում է երկու շարքով դասավորված տրոմպների վրա, իսկ ութանիստ թմբուկը շրջապատված է զույգ կիսասյուներով ու որմնակամարներով։

Գլխավոր եկեղեցու հարավային կողմում XIII դարի սկզբին կառուցվել է ևս մեկ գմբեթավոր եկեղեցի։ Նրա հարավային մուտքը զարդարված է ականթի տերևներով, կիսասյուներով և սլաքաձև որմնակամարով։ Հյուսիսային միանավ եկեղեցուց պահպանվել են միայն խորանի հատվածն ու պատերի ստորին շարքերը։

Կառուցողները կիրառել են նաև հետաքրքիր ինժեներական հնարք․ ծածկերի ներսում տեղադրել են խոշոր կավե կճուճներ՝ քարե կառուցվածքի ծանրությունը նվազեցնելու համար։ Գլխավոր եկեղեցու շարվածքում օգտագործվել է բաց դեղնավուն ֆելզիտ։

XII–XIII դարերում Հնեվանքը գործել է որպես քաղկեդոնական վանք։ 1123 թվականին Դավիթ Շինարար թագավորը Լոռի-Տաշիրի հետ այն հանձնել է ամիրսպասալար Իվանե Օրբելյանին։ Գմբեթի քիվի տակ պահպանված վրացերեն արձանագրությունը վկայում է, որ Իվանեի որդի Սմբատը 1154 թվականին նորոգել է գլխավոր եկեղեցին։ 1186–1206 թվականներին եկեղեցու արևմտյան կողմում ավելացվել են գավիթը և դրան միացող գմբեթավոր սրահը։