Արփի լիճը գտնվում է Թուրքիայի և Վրաստանի սահմանին, ՀՀ ամենացուրտ շրջաններից մեկում` Աշոցքի սարահարթում, Արփի լճին հարակից Պաղակն բնակավայրում է գրանցվել ՀՀ ամենացածր ջերմաստիճանը` -46°C:
Արփի լիճը մինչև 1950թ. բնական լիճ էր, սակայն դրանից հետո ԽՍՀՄ տարիներին այն դարձավ լիճ-ջրամբար, արհեստականորեն մեծացվեց` ջրային պաշարներ հավաքելու և ոռոգման համար: Ձմռանը լճի վերին շերտը ամբողջությամբ սառում է: Տարածքի բնաշխարհը պահպանելու համար 2009թ. ստեղծվել է Արփի լիճ ազգային պարկը, որտեղ պահպանվում են ավելի քան 140 թռչնատեսակ, 249 ողնաշարավոր կենդանիներ, 89 տեսակ թիթեռներ: Ազգային պարկի տարածքում են գտնվում և բազմանում որոշ Կարմիրգրքյան և վտանգված կենդանիներ ու թռչուններ, այդ թվում սև արագիլը, կռունկը, Դարևսկու իժը, գանգրափետուր հավալուսնը և այլն:
Ազգային պարկը հարուստ է նաև բուսատեսակներով, պարկի տարածքում է աճում ավելի քան 670 տեսակի բույսեր, որոնցից 20-ը էնդեմիկ են: Ջրամբարի տարածքում հաճախ են իրականացվում ձկնորսություններ, այստեղ ապրում է ձկների 12 տեսակ՝ ծածան, կողակ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն։