Սեդվու Սուրբ Նշան վանք

Սեդվու Սուրբ Նշան վանք

Սեդվու Սուրբ Նշան վանքը գտնվում է Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու ձորում։ XIII դարով թվագրվող համալիրից պահպանվել են գլխավոր եկեղեցին, դրան հյուսիսից կցված մատուռը, հարավային մուտքի առջև կառուցված փոքր սրահը, ինչպես նաև պարսպի և օժանդակ շինությունների հատվածներ։

Սուրբ Նշանը երկարավուն, միանավ եկեղեցի է։ Կիսագլանաձև թաղը ներսում բաժանվում է երեք հատվածի՝ որմնասյուներից բարձրացող կամարներով։ Արևելքում կիսաշրջանաձև խորանն է, իսկ մուտքերը բացված են արևմտյան, հարավային և հյուսիսային պատերին։

Ճարտարապետության պատմաբան Պատրիկ Դոնաբեդյանը Սեդվու եկեղեցում առանձնացնում է տարբեր ավանդույթների համադրություն։ Խորանի երեք պատուհանները և սովորական բարձր բեմի բացակայությունը նա կապում է վրացական եկեղեցաշինության հետ։ Միաժամանակ համեստ քանդակազարդումը հետևում է հայկական ձևերին։ Վանքը չունի հայկական համալիրներին բնորոշ գավիթ, իսկ հարավային դռան առջև դրված քառահեն փոքր սրահը մասնագետը համեմատում է վրացական նախասրահների հետ։

Վանքին կից կառուցվել է նաև մատուռը։ Իսկ վանքից 0.5 կմ հարավ-արևելք գտնվում է Սեդվու ամրոցը, որը XIII դարում ծառայել է որպես դիտակետ-ամրոց։ Ամրոցից պահպանվել է միայն կիսավեր աշտարակը, որը փլուզման վտանգի տակ է։


Քարտեզ