Կուրթան եկեղեցի

Կուրթան եկեղեցի

Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղում՝ հարթ տարածության վրա։ Այն վաղ միջնադարյան միանավ 5-րդ դարի եկեղեցի է։ Եկեղեցուց 3-4 կմ հեռավորության վրա գտնվում են Տորմակ, Հոբարձիի, և Գտեվանքի եկեղեցիները։

Եկեղեցու արևմտյան կողմում 19-րդ դարում կառուցվել է զանգակատուն, իսկ հարավային հատվածում պահպանվել են տարբեր ժամանակների գերեզմանաքարեր։ Դրանց գոյությունը ցույց է տալիս, որ եկեղեցին մինչև 19-րդ դար գործել է։ Կուրթանի եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսից, հարավից և արևմուտքից։

Հուշարձանը բաղկացած է պայտաձև կամարով աղոթասրահից, որն ունի 12.80 մ երկարություն ու 5.25 մ լայնություն և ավանդատնից։ Ավանդատան հոյւսիսային մասում նկատվում է խաճերով քանդակազարդ քար։ Սակայն, ինչպես նշում է հայ ճարտարապետ Մ․ Հասրաթյանը, այն բերվել է Կուրթանի եկեղեցի վերանորոգման ժամանակ։ Եկեղեցին վերանորոգվել է 1982-1984 թվականներին։

Կառուցված է մշակված որձաքարից, կրաշախով։ Ավելի ծանրաբեռնված հատվածներում՝ անկյուններում, որմնամույթերում, կամարներում և բացվածքների եզրերին, օգտագործվել է մաքուր տաշված բազալտ։

Հայաստանի 4-7-րդ դարում կառուցված եկեղեցիների նման Կուրթանի եկեղեցին արտաքինից ևս առանձնանում է կիսաշրջանաձև պարակալներով և քիվերով։


Քարտեզ