Որտե՞ղ են աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիները։ Եթե եղել եք Հայաստանում, ուրեմն գիտեք այս հարցի ճիշտ պատասխանը։
Հայաստանը հայտնի է իր եկեղեցիներով, որոնք առանձնանում են եզակի ճարտարապետությամբ։ Եկեղեցաշինության պատմությունը Հայաստանում սկսվել է 301 թվականից, երբ հայերն աշխարհում առաջինն ընդունել են քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Հավանաբար գիտեք, որ Էջմիածին քաղաքը Հայաստանի հոգևոր կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը։ Տաճարը հայտնի է որպես աշխարհում ամենաառաջին քրիստոնեական կառույցը։
Սուրբ Էջմիածնում շատ են հոյակերտ եկեղեցիները, որոնցից հատկապես սիրված և հայտնի են Սուրբ Շողակաթ, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները: Այս անգամ, եկեք բացահայտենք Սուրբ Շողակաթ եկեղեցին՝ Էջմիածնի առաջին եկեղեցիներից մեկը:
Սուրբ Շողակաթ եկեղեցու պատմությունը
Սուրբ Շողակաթ եկեղեցին կանգնեցվել է 1694 թվականին՝ Վաղարշապատ քաղաքում, որն այսօր ավելի հայտնի է որպես Էջմիածին (Արմավիրի մարզ):
Ըստ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի, երբ Հռոմից փախուստի դիմած քիստոնյա կույսերը գալիս են Հայաստան, հայոց Տրդատ 3-րդ թագավորը՝ լսելով կույս Հռիփսիմեի գեղեցկության մասին, հրամայում է նրան իր մոտ բերել։
Տեսնելով գեղեցկուհուն՝ թագավորը նրան ամուսնության առաջարկություն է անում։ Հռիփսիմեն մերժում է արքային և զայրացած Տրդատը հրամայում է սպանել քրիստոնյա կույսին։ Երբ Հռիփսիմեի 32 հավատակից քույրերը գալիս են, որպեսզի թաղեն նրա մարմինը, թագավորի դահիճները նրանց նույնպես սրամահ են անում։
![Սուրբ Շողակաթ եկեղեցու պատմությունը Սուրբ Շողակաթ եկեղեցու պատմությունը]()
Կույսերից մեկը՝ Մարիանեն, ով հիվանդության պատճառով չէր գնացել Հռիփսիմեի մարմինը թաղելու, այլ մնացել էր հնձանում, որտեղ բնակվում էին կույսերը, հայտնաբերվում և սպանվում է այնտեղ։ Այս վայրում էր, ուր ըստ ավանդության Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»՝ Տիրոջ լույսի շողը, և այստեղ է հետագայում Գրիգոր Լուսավորիչը հիմնել Սուրբ Շողակաթ եկեղեցին։
Շողակաթ եկեղեցու ճարտարապետությունը
Այժմյան գմբեթավոր հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։ Սակայն առաջին եկեղեցին այս վայրում հիմնադրվել է 6-7-րդ դարերում՝ մեկ այլ շինության հիմքերի վրա։
Եկեղեցին համեմատաբար փոքր չափերի կառույց է, որը պատկանում է վաղ միջնադարյան «գմբեթավոր դահլիճ» կոչվող եկեղեցիների տիպին։ Եկեղեցու արևմտյան կողմում տեղավորված է գավիթ-նախասրահը: Ըստ մասնագետների գոյություն է ունեցել ևս մեկ գավիթ, որը փլվել է 1807 թ.:
Աղոթասրահը երկարավուն դահլիճ է, որի արևելյան կողմում գտնվում է ավագ խորանը, իսկ աջ և ձախ կողմերում` ավանդատները: Գլխավոր մուտքը գավիթ-նախասրահից է։ Այստեղ են ննջում ամենայն հայոց կաթողիկոսներ՝ եկեղեցու հիմնադիր Նահապետ Ա Եդեսացին և Աբրահամ Գ Կրետացին։ Երկրորդ մուտքը բացվում է հարավային կողմից՝ աղոթասրահի մեջ:
![Շողակաթ եկեղեցու ճարտարապետությունը Շողակաթ եկեղեցու ճարտարապետությունը]()
Եկեղեցին կառուցված է նարնջագույն տուֆից, ունի բացառիկ պարզ արտաքին ճարտարապետութուն։ Պատերը զարդարված են հայկական եկեղեցիներին բնորոշ գեղաքանդակ հորինվածքներով։ Ս․ Շողակաթը գտնվում է այգու մեջ՝ մի շատ խաղաղ անկյունում, որտեղ կարող եք զբոսնել և վայելել հայակական բնության բերկրանքը։
Պեղումների արդյունքում Սբ. Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, տուֆից կառուցված միանավ եկեղեցու ավերակները։ Եկեղեցու ավերակները թվագրվում են IV դարով։
Սուրբ Շողակաթ եկեղեցին, ինչպես և Էջմիածնի Մայր տաճարը և նահատակված կույսերին նվիրված մյուս երկու եկեղեցիները՝ Ս․ Գայանեն և Ս․ Հռիփսիմեն, ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Եկեղեցին ընդգրկվել է վերոնշյալ ցանկում 2000 թվականին։
Ուխտագնացություն Ս․ Շողակաթ եկեղեցի
Եթե պատրաստվում եք այցելել Ս․ Շողակաթ եկեղեցի, ապա օգտվեք առիթից և այցելեք նաև հոդվածում նշված մյուս երեք եկեղեցիները ևս։ Բոլոր այս պատմական սրբավայրերը գտնվում են Էջմիածին քաղաքում, միմյանցից ոչ հեռու։ Կարելի է նույնիսկ կազմակերպել ոտքով ուխտագնացություն Երևանից դեպի Էջմիածին։ Այս չորս եկեղեցիներն այցելելու համար կպահանջվի ընդամենը մեկ օր։
![Ուխտագնացություն Ս․ Շողակաթ եկեղեցի Ուխտագնացություն Ս․ Շողակաթ եկեղեցի]()
Ձեր ճանապարհին դեպի Էջմիածին կարող եք նաև այցելել Զվարթնոցի տաճարը, որը գտնվում է Էջմիածին քաղաքից ընդամենը 3 կմ հեռավորության վրա։