Ռուբեն Հախվերդյան՝ մեր օրերի ռոմանտիկ երգահանը

Ռուբեն Հախվերդյան՝ մեր օրերի ռոմանտիկ երգահանը

Թարմացված է Ապրիլ 30, 2026


Հայ ազգն անշուշտ տաղանդաշատ և շնորհալի է։ Աշխարհին հայտնի են բազմաթիվ հայ գիտնականներ, նկարիչներ, ինչու չէ նաև տաղանդավոր զորավարներ և, իհարկե, երաժիշտներ։ Ժամանակակից հայ երաժիշտների մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցնում երգահան Ռուբեն Հախվերդյանը։ 

Ռուբեն Հախվերդյանը երգիչ, երգահան, երաժիշտ, կիթառահար և բանաստեղծ է: Նա ծնվել է 1950-ին, Երևանում։ Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 

1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում՝ սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։ Մեծ աղմուկ է բարձրացրել և լեգենդար դարձել նրա առաջին հեռուստաբեմադրությունը՝ Ի․ Շտոկի «Սատանայի ջրաղաց»-ի հիման վրա։ Հեռուստաբեմադրության բոլոր երգերի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն էր։

Ռուբեն Հախվերդյան երաժիշտը

Որպես երաժիշտ՝ Ռուբեն Հախվերդյանը ներկայանում է հայ հեղինակային երգի ժանրում: Նա գրել է բազմաթիվ երգեր և բեմադրել մյուզիքլներ: Հախվերդյանի երաժշտությունը բոլոր տարիքային խմբերի համար է․ նա գրում է երեխաների, սիրահար երիտասարդների և արդեն կյանք ապրած մեծահասակների համար։ Հախվերդյանի տեքստերը բանաստեղծային են և մաքուր հայերենի շքեղությունը բացահայտող։

Երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը

Հախվերդյանի մանկական երգերը

Հախվերդյանի մանկական երգերից առավել հայտնի և սիրված է «Նավակը», որը թեև համարվում է մանկական, սակայն խորիմաստությամբ անտարբեր չի թողնում ոչ մի մեծահասակի։ Հանրահայտ մանկական երգերից են նաև «Թզուկը», «Չի կարելի», «Իմ սեր», «Նոր տարի» և մի քանի այլ երգեր։  

Հախվերդյանի մանկական երգերը կարելի է լսել նաև հայկական մուլտֆիլմերում։ Նրա «Ձյուն»-ն է հնչում տարբեր սերունդների սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմում։ 

Մի հարցազրույցի ժամանակ Հախվերդյանը նշել է, որ գրում է երեխաների համար, որովհետև դա օգնում է իրեն մաքրել հոգին և միտքը։ Բացի այդ, Հախվերդյանը մեծ կարևորություն է տալիս երգերի դաստիարակչական ներուժին։ Նա վստահ է, որ երգի միջոցով կարելի է պահպանել մայրենի լեզվի մաքրությունը, հետևաբար նաև հայ մշակույթը։ 

Ռուբեն Հախվերդյան

Երգեր կյանքի մասին

Ռուբեն Հախվերդյանի երգացանկում շատ են երգերը կյանքի, մանկության, ճակատագրի, թախծի, ընկերության, հիասթափության, ծերության և մահվան մասին։ 

Ռուբեն Հախվերդյան։ Երգեր կյանքի մասին

Նրա «Ծեր գնչուհին», «Երջանկություն», «Իմ անցյալը», «Լուսինն ու շունը», «Գազանանոց», «Ուրվական», «Եզը», «Կյանք մարդկային», «Լավագույն տղերքը», «Հին ընկեր» և մնացած բոլոր երգերը արտահայտում են մարդու հույզերն ու ապրումները և միտքը փոթորկող մտածմունքները։

Այսպես է նա գրում իր «Ծեր գնչուհու» մեջ․

Ծեր գնչուհին բախտս կարդաց

Իմ հայացքի մեջ մոխրացած,

Նա կիսաձայն ինձ շշնջաց,

Որ ես ճամփորդ եմ ուշացած։

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,

Ես ուշացել եմ նրանից,

Նա, ով իմ սիրտը գողացել է,

Արդեն հեռու է ինձանից։

Նույն տրամադրության մեջ է հնչում նաև Հախվերդյանի «Երջանկությունը»․

Երջանկություն, անցիր կողքովս,

Դու հարատև չես,

Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե

Ու հեռանալիս չնախազգուշացնել։

Դու գալիս ես հանկարծ ժպտերես,

Քո առջև բացվում են դռները,

Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,

Դու մոռացնում ես նրանց վշտերը։                                                                                 

Երգեր Երևանի մասին

Հախվերդյանը Երևանի իսկական սիրահար է։ Երևանի մասին նրա երգերը դարձել են քաղաքի յուրահատուկ խորհրդանիշներ։ «Երևանի գիշերներում», «Սա Երևանն է», «Երաժիշտների քաղաք»․․․ Երևանի թեման կարմիր գծով անցնում է նրա գրեթե բոլոր երգերում։ 

Այսպիսին է Հախվերդյանի Երևանը․

«Սա Երևանն է, այստեղ դու տանն ես

Ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին

Ուր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,

Կամ հիշեցնում են անհիշելին»։

Ու նաև այսպիսին․

«Ես հիշում եմ քաղաքն իմ,

Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,

Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,

Եվ աղջիկներին քո աննման»։

Երևանի մասին Հախվերդյանի երգերը հաճախ կարելի է լսել քաղաքի փողոցներում և սիրված սրճարաններում։

Ռոմանտիկ երգացանկ

Եթե երբևէ սիրել եք, կամ սիրուց հիասթափվել, ապա Հախվերդյանի սիրո երգերը միանշանակ արձագանք կգտնեն ձեր հոգում։ Հախվերդյանը իզուր չի որ հայտնի է որպես ռոմանտիկ երգահան։ Ո՞վ չի լսել, կամ նույնիսկ երգել նրա «Սիրո աշունը», «Եթե իմանայիր»-ը, «Նա է իմ միակ սերը»։ Ընդհանրապես, Հախվերդյանի բոլոր երգերն էլ սիրո մասին են։ 

Ռուբեն Հախվերդյան։ Ռոմանտիկ երգացանկ

Photo Credits: Mezzo

Քիչ չեն նաև երգերը հայրենիքի հանդեպ սիրո մասին․ «Երնեկ թե այս Նոր տարին», «Սարերի քամի», «Որ սարերը մեր չմնան անտեր», «Կարմիր կակաչներ» և այլն։

Հախվերդյանն արդեն մի քանի տասնամյակ է ինչ իր ուրույն տեղն ունի հայկական մշակույթում և հայ ժողովրդի սրտում։ Նրա հազվադեպ դարձած համերգներն այսօր էլ մեծ ոգևորությամբ են ընդունվում հանդիսատեսի կողմից, չնայած որ այդ համերգներն այժմ անցկացվում են փոքր դահլիճներում, օրինակ Mezzo Classic House ակումբի դահլիճում։

Սիրված երգչի մասին հոդվածն ուզում եմ ավարտել նրա հին երգերից մեկի տողերի մեջբերումով․ 

Միայն դու չտխրես ու լաց չլինես,

Օրերը տխուր կանցնեն կգնան,

Քամիները չար, քամիները ցուրտ

Կխփեն դեմքիդ ու կհեռանան։

Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա

Եվ հուշի նման քեզ այցի կգա,

Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն,

Ու՞ր ես դու գնում, իմ թափառական։

Անիմաստ է թափառելը,

Երբ հոգնել են քո ոտքերը,

Անիմաստ է թափառելը,

Երբ հոգնել են ճամփաները քեզանից…

Երգ իմ մոռացված, երգ իմ հեռացած,

Ես քեզ կորցրի ճամփին մոլորված,

Բայց գիտեմ, որ դու ետ կգաս կրկին,

Կլցնես սիրով իմ տխուր հոգին։

 

Armenia Discovery
Ստեղծված է Հուլիս 24, 2019 / Թարմացված է Ապրիլ 30, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել