Սուրբ Քրիստափոր վանք

Սուրբ Քրիստափոր վանք

Սուրբ Քրիստափորի վանքը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Դաշտադեմ գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք՝ պատմական Քաղենի բնակավայրի տարածքում։ Վանական համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, եռահարկ դամբարան-զանգակատունը, միաբանության բնակելի շենքերի մնացորդները, պարսպի հատվածներ և գերեզմանոց, որտեղ գտնվում է նաև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար։

Համալիրի գլխավոր կառույցը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, թվագրվում է VII դարով։ Այն փոքր չափերի կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ խաչաձև հատակագծով և երեք խորաններով։ Եկեղեցին արտաքուստ ունի ուղղանկյուն խաչաթևեր, իսկ գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթի թմբուկ անցումը իրականացված է առագաստների միջոցով։

Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է։ Մուտքի ձևավորումը բնորոշ է VII դարի հայկական եկեղեցական ճարտարապետությանը։ Կառույցը շարված է սրբատաշ սև տուֆով։

Դաշտադեմում է գտնվում նաև Կամսարականների հայտնի Քաղենի ամրոցը։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող Սուրբ Քրիստափորի վանքը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի Թալին կատարած գիտարշավի շրջանակներում։

Զաքարյաննների իշխանության շրջանը Դաշտադեմի ողջ համալիրի համար ամենաբուռն շրջանն է։ Ենթադրվում է, որ այստեղ եղել է Զաքարյանների նստավայրերից մեկը Արագածոտնում։


Քարտեզ