Եղիպատրուշի եկեղեցի

Եղիպատրուշի եկեղեցի

Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում։ Այն միջնադարյան եկեղեցական համալիր է, որը բաղկացած է Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցուց, գավթից և կից կառույցներից։ Համալիրը թվագրվում է XIII դարի սկզբով։ Եկեղեցու թվագրման համար կարևոր հիմք է հանդիսանում շինության վրա պահպանված արձանագրությունը՝ ՈԾԷ (1208 թ.) թվականով

Ըստ պահպանված արձանագրական տվյալների՝ եկեղեցին կառուցել է Վաչե Վաչուտյանը, իսկ ճարտարապետը եղել է Մխիթար Օշականցին։ Վերջինիս անունը հիշատակվում է եկեղեցական համալիրից մոտ 100 մետր արևելք գտնվող երկու խաչքարերից կազմված կոթողի արձանագրության մեջ։

Եկեղեցին կառուցված է 2 գույնի տուֆե քարերից՝ կարմիր և դարչնագույն։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ կառույց է։ Այն արտաքինից ունի քառանկյուն, իսկ ներքուստ՝ խաչաձև հորինվածք։ Կառույցի չորս անկյուններում տեղադրված են երկհարկ ավանդատներ, որոնք միաժամանակ մասնակցում են գմբեթային համակարգի ձևավորմանը։

Եկեղեցուն արևմուտքից կից կառուցված է գավիթը։ Այն պատկանում է XIII դարում տարածված քառասյուն գավիթների տիպին։


Քարտեզ