«Կարակոյուն» կամ «Սև ոչխար» գյուղատեղին գտնվում է Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան գյուղից մոտ 32 կմ արևելք՝ Վեդի գետի աջ գետահովտի ձորակներով կտրված սարահարթի վրա։ Այն Ուրծ գավառի հնագույն բնակավայրերից մեկն է և ներառում է շուրջ յոթ տասնյակ պատմամշակութային հուշարձաններ, որոնք թվագրվում են IX–XVII դարերով։
Գյուղատեղին հայտնի է հատկապես իր երկու մեծ միջնադարյան գերեզմանոցներով և բազմաթիվ խաչքարերով, որոնցից մի քանիսն ունեն արձանագրություններ և թվագրություններ՝ 1205, 1213, 1233, 1525 և 1551 թվականների։ «Կարակոյունը» համարվում է Արարատի մարզի խաչքարերով ամենահարուստ հուշարձանախմբերից մեկը։
Հուշարձանախմբի կարևորագույն նմուշներից են գյուղի կենտրոնում պահպանված 1551 թվականին կանգնեցված երկու բազալտե խաչքարերը, որոնք կապված են գյուղի վերաշինման հետ։ Տարածքում պահպանվել են նաև աղբյուրի, ջրաղացի, ձիթհանի, բնակելի և տնտեսական շինությունների ավերակներ, որոնք վկայում են բնակավայրի երբեմնի զարգացած կյանքի մասին։
Գյուղատեղին լքվել է 1945–1952 թվականներին՝ բնակավայրերի խոշորացման գործընթացի հետևանքով, սակայն մինչ օրս պահպանել է իր պատմամշակութային բացառիկ արժեքը։